23 երեխա է թունավորմամբ տեղափոխվել հիվանդանոց. մարզպետ Գարիկ Սարգսյանը տեսակցել է նրանց

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի 5-րդ դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն:

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, արդեն մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Երեխաներից վերցվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար: