Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 11 երեխա է մահացել, 70 հազարը տարհանվել է

Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ չորս երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված լքել է մոտ 70 հազար երեխա: Այդ մասին ասված է Ժնևում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում առնվազն 4 երեխա զոհվել է, ևս 9 երեխա՝ վիրավորվել: Ըստ հաղորդագրության՝ 7 երեխա սպանվել է Թուրքիայում»,- շեշտել է Ֆորը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում հարձակման է ենթարկվել երեք հիվանդանոց և մեկ դպրոց: Նրա խոսքով՝ առնվազն 170 հազար երեխա հումանիտար օգնության անհրաժեշտություն ունի: