«The Swingles» լեգենդար վոկալ խումբը հանդես կգա Երևանում

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական  փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին:

Ապրիլի 29-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  բրիտանական
« The Swingles»  լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:

Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները`  Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

<<Սվինգլը>> արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության  պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները, հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը <<Սվինգլների>> չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր  դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց <<Սվինգլների>> ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։

Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։