Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի կուռքը չէ, բայց…

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ նշեց, որ ԲՀԿ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմաման նախագծին չմասնակցելը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի իրավական թերի լինելու հետ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն։

«Այս օրերի ընթացքում մենք բազմիցս ասել ենք, որ վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով, այսինքն՝ որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։ Նա ոչ մեր կուռքն է, առավել ևս՝ նրա ակումբի անդամ չենք հանդիսանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին դատարանին՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Վերջինս հիշեցրեց, որ դեռևս 2018 թ․-ին իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալուն։ ԲՀԿ-ն նախագծին դեմ կամ կողմ չի քվեարկել միայն նրա համար, որ կասկածի տակ չդրվի «Իմ քայլը» խմբակցության՝ Հրայր Թովմասյանի կոմպետենտության հետ կապված կասկած ունենալու իրավունքը։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ քաղաքական դիրքորոշում արտահայտելը միայն կողմ կամ դեմ քվեարկելով չէ արտահայտվում։ Նա նկատեց՝ կա նաև չմասնակցելու դիրքորոշում և սա քաղաքական դիրքորոշում է։

Իսկ արդյոք ԲՀԿ-ն փո՞րձ արել է իրավական թույլ փաստարկներն ուժեղացնել, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենք բաց ենք եղել շփումների ու քննարկումների համար։ Երբ նիստերի դահլիճում քննարկում եղավ, մենք ասացինք, որ եթե խորհրդարանի առաջին քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» համար այդքան սկզբունքային էր, որ ԱԺ-ում այս հարցով լինի կոնսենսուս, ապա նախապես պետք էր քննարկումներ լիներ։ Սա խորհրդարան է , որտեղ տարբեր կարծիքներ կան» ։

Տոնոյանն էլ հավելեց, որ իրենց խմբակցությունը, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններում կարգապահական խախտում նկատի, ապա որևէ կերպ կաշկանդված չի լինի նմանատիպ օրենսդրական նախաձռնությամբ հանդես գալ։