Մեր երկրում պարտաճանաչությունն արժանանում է տուգանքի․ Արմեն Ալավերդյան

ՀՀ հաշմանդամների իրավունքի պաշտան և «Ունիսոն» հասարակական կազմակերպույան տնօրեն Արմեն Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը

«Միշտ համոզված էի, որ պետք է լինել պարտաճանաչ, սրտացավ քաղաքացի։ Սակայն, փաստորեն, մեր երկրում պարտաճանաչությունն արժանանում է տուգանքի։ Չե՞ք հավատում։

Մի քանի ամիս առաջ նկատեցի, որ ջրաչափս կարգին վիճակում չի, կարող է կազմալուծվել (երևի ժանգոտվեց, կամ էլ շատ «որակյալ» էր։ Ինչևէ, անմիջապես ահազանգեցի Վեոլիա Ջուր ընկերությանը։ Բավականին շուտ եկավ տեսուչը, լրիվ քանդեց ջրաչափը և լուսանկարեց։ Գնալուց առաջ փորձում էր համոզել մեզ, որ հայտարարենք, որ իբր տան ռեմոնտի ժամանակ է քանդվել։ Բնականաբար, չհամաձայնվեցինք։ Ասաց, որ պետք է գնամ Վեոլիա Ջուր անձամբ ու դիմում գրեմ։
Գնացի, զարմանքով հայտնաբերեցի, որ մուտքը հարմարեցված չէ սայլակ օգտագործող քաղաքացիների համար։ Աշխատակիցներից երկուսը դուրս եկան, և ես հենց փողոցում ստիպված գրեցի դիմումը` շուտափույթ փոխարինել սարքը։
Դրանից մոտ մի շաբաթ հետո եկան, փոխեցին։ Հետո ստացա նամակ, որտեղ մասնավորապես գրված էր. « Սարքը 05.06.2019թ. ստուգաչափվել է լաբորատորիայում, որի արդյունքում հայտնաբերվել է սարքի խախտում՝ պայմանավորված արտաքին միջամտությամբ»: Ծանուցմանը կից ներկայացվել է լաբորատոր ստուգաչափման արձանագրության պատճենը և հաշվարկը՝ 46397 (!!!) դրամ։ Իմ հերթին, գրեցի նոր նամակ, որտեղ նկարագրեցի նախապատմությունը և հավելեցի.

« Խնդրում եմ հաշվի առնել հետևյալը.
1) Ես և ընտանիքիս անդամները ոչ մի արտաքին ազդեցություն չենք գործել ջրաչափին.
2) Ես պարտաճանաչ բաժանորդ եմ, միշտ ժամանակին վճարել եմ ամսական վարձը, որը միջին հաշվարկով չի գերազանցում 2500 դրամը.
3) Ես 1-ին խմբի հաշմանդամ եմ, ստանում եմ ամսական 40900 դրամ կենսաթոշակ, ունեմ 2 անչափահաս երեխա, որից մեկն ունի հաշմանդամություն, ուստի գտնվում եմ ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։
Հաշվի առնելով վերը նշյալը, խնդրում եմ չեղարկել նշված գումարի գանձումը։
Նաև որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ձեր ընկերության գրասենյակի շենքի մուտքը հարմարեցնելով սայլակ օգտագործող անձանց համար»։

Պատասխան նամակը (ընկերության գլխավոր տնօրենի ժ/պ Գոռ Գրիգորյանից) հիասթափեցնող էր. ինձ նորից «բացատրվեց» իրավիճակը և «մեծահոգաբար» առաջարկվեց կնքել պարտքի մարման ժամանակացույցը։ Ոչ մի արձագանք սոցիալական վիճակիս վերաբերյալ, ոչ մի արձագանք Վեոլիայի շենքի ֆիզիկական անմատչելիության մասին… 

Ի՞նչ անեմ։ Ակնկալում եմ կոմպետենտ, կառուցողական կարծիքներ/առաջարկներ։ Միանգամից ասեմ, որ դատարանի տեղը գիտեմ և չեմ կասկածում, որ կշահեի դատը, եթե դիմեի… Բայց չունեմ դրա համար ոչ ժամանակ, ոչ առողջություն։
Veolia Armenia «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն»: