Զոդի կամրջի պատահարից տուժած 20-ամյա Ծաղիկը մահացել է

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

«Մեծ ցավով տեղեկացա, որ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։

Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»։

Հիշեցենք, որ հուլիսի 6-ին ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: