Ես վատ եմ զգում, որ ինձ «շիշ բռնող», «ախրանիկ պատգամավոր» են ներկայացնում. Հայկ Սարգսյանը՝ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը  Newspress.am կայքի, «Հրապարակ» օրաթերթի, «Իրավունք» թերթին, Antifake.am կայքի դեմ դատական հայց է ներկայացրել վեց հոդվածների համար՝ պահանջելով զրպարտության համար փոխհատուցում:

«Ես վեց դեպքով դիմել եմ դատարան՝ լրատվամիջոցներից պահանջելով ինձ զրպարտելու համար վնասի փոխհատուցում: Մի քանի հարյուր նման դեպք կա, որոնցով արժեր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, որովհետև մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց հիմա այլ տարբերակ չկա, դրա համար էլ դիմել եմ», — ասաց նա:

Հայկ Սարգսյանը հերթով ներկայացրեց, թե որ լրատվամիջոցին որ հրապարակման համար է  դիմել դատարան:

«Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել: Երկրորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:

Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար:  Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ», «շիշ բռնող»: Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է»,- ասաց նա և հավելեց, որ նման բան չի եղել, դա կարող է հերքել նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Քանի որ հաճախ են անդրադառնում հորս, ասեմ, որ հայրս և մենք միշտ ընդդիմադիր ենք եղել նախկինում, եթե կգտնվի որևէ մեկը, որ նրա աշխատելու տարիներից կգտնի մեկ խախտում, նյութական օգուտ ստանալու դեպք, մենք մեր տունը կտրամադրենք այդ մարդուն:

Վերջին հրապարակումը  Antifake.am կայքի հոդվածն է՝ «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը. Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը»: Մենք այդ մեքենայի հետ որևէ կապ չունենք, սա ևս զրպարտություն է»,-նշեց պատգամավորը:

Սարգսյանը նշեց, որ այն լրատվամիջոցները, որոնց դեմ դատական հայց է ներկայացրել,  ասում են՝ Հայկ Սարգսյանը սրանով նպատակ ունի «փակել» մամուլի բերանը և չթողնել, որ ազատ մամուլ լինի Հայաստանում: «Ես և մեր խմբակցությունը որևէ խնդիր չի տեսնում և ցանկանում է օգնել ազատ մամուլին: Դեղին մամուլի բերանը փակելով՝ ցանկանում եմ, որ  թացը չորի հետ չխառնվի, որ հասարակությունը կարողանա տարբերել, որոնք են նորմալ լրատվամիջոցները և որոնք են զրպարտություն տարածող ԶԼՄ-ները»,- ասաց նա:

Հարցին՝ իր դեմ հոդված հրապարակած մամուլին համարո՞ւմ է դեղին մամուլ, նա ասաց, որ երբ իրեն մեղադրում են արարքի մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունի կամ դրա մասին իմանում է մամուլից, ինչպե՞ս պետք է վարվեր:

«Ես դիմել եմ դատարան, որ քաղաքացիները տեսնեն, որ տակը որևէ բան չկա: Հաճախ ասվում է՝ անծուխ կրակ չի լինում, ես ուզում եմ ապացուցել՝ ո´չ ծուխ կա, ո´չ էլ կրակ, որևէ փաստ, հիմք չկա, եթե կա, թող ներկայացնեն դատարանում, ու ես ներողություն կխնդրեմ»,- ասաց նա:

Սարգսյանը չհամաձայնեց կարծիքի հետո, որ այս ասուլիսը կարող է ճնշում լինել դատարանի վրա: «Ես ներկայացնում եմ իմ տեսակետը, լրատվամիջոցներն էլ թող ներկայացնեն իրենցը և հանրությունը որոշի՝ ով է ճիշտ: Ի՞նչ է նշանակում ճնշում դատարանի վրա, եթե ես ասում եմ՝ հարգելի դատավոր, ինձ զրպարտում են, ասում են՝ «ախրանիկ պատգամավոր»,  խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, դա համարո՞ւմ եք ճնշում»,- ասաց նա:

Դիտարկմանն էլ՝ ինչի՞ց է վիրավորվել, չէ որ անվտանգություն է  ապահովել, նա ասաց. «Անվտանգություն ապահովելն ուրիշ բան է, «ախրանիկ պատգամավոր», «շիշ բռնող» ասելն ուրիշ բան է»:

Լրագրողի դիտարկմանն էլ շիշ բռնելով է հայտնի դարձել, ասաց. «Ես շշով չեմ հայտնի դարձել, ես իմ կատարած աշխատանքով եմ հայտնի դարձել: Ես նաև կարճաթև մայկա եմ հագել, ինչո՞ւ չեն ասում կարճաթև մայկա հագնող: Ես վատ եմ զգում, որ ինձ այդպես են ներկայացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախագահականում «աղջիկների հետ էքսկուրսիային», Սարգսյանն ասաց, որ այդ հրապարակման համար էլ է դիմելու դատարան, քանի որ դա էլ է զրպարտություն: Նա պատմեց, որ ամիսներ առաջ Politik.am կայքի խմբագիրն է  իրեն ասել, որ նման վիդեոներ ունի և կհրապարակի, առաջարկել է հանդիպեն, բայց նա չի համաձայնել, ասել է՝ նման բան չկա, ու թող հրապարակի: Նա ասաց, որ հավանաբար հենց Politik.am-ի խմբագիրն է այդ նյութերը տրամադրել Hraparak.am-ին: «Այդ հրապարակման համար էլ ենք հերքում ու պատիվ պահանջելու»,- ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am