100 գաղափար Հայաստանի համար

Արդեն 4-րդ  տարին անընդմեջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի  նախարարությունը  անցկացնում է  «100 գաղափար Հայաստանի համար»  երիտասարդական նորարարական մրցույթը:  

Ծրագրի նպատակը մեկն է. մեր երիտասարդների ներուժը մեծագույն ռեսուրս է, որ պետք է օգտագործվի և ծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու ՀՀ զարգացմանն ընդհանրապես: Ապացուցված փաստ է, որ նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:

Այսօր մեր աչքի առաջ ունենք բազմաթիվ օրինակներ՝ հանձինս նախորդ տարիների մասնակիցների, ովքեր մրցույթին մասնակցելուց հետո ֆինանսավորվել են տարբեր հովանավորների կողմից և կյանքի կոչել իրենց գաղափարները, հիմնել իրենց երազած բիզնեսներն ու նույնիսկ ստեղծել նոր աշխատատեղեր:

Նախորդ տարիների հաջողված փորձը հաշվի առնելով է, որ այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մցույթը դարձել է ավելի մասշտաբային, ընդլայնվել է հայտերի ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել մանրամասն մշակելու ու առավել հաջող ձևով ներկայացնելու իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:

Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 1-ն է:

Եվ ուրեմն՝ ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացի՞ ես, ունես հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր և չունես դրանք ռեալիզացնելու հնարավորությո՞ւն, ուրեմն բաց մի թող այս հրաշալի հնարավորությունը, լրացրու հայտը և մասնակցիր մրցույթին, արի՛ միասին զարգացնենք մեր երկիրը:

Անցիր հղումով՝ մանրամասներին ծանոթանալու և դիմումի հայտաձևը ներբեռնելու համար: