Թուրք անասնագողերը Վրաստանում դաժան ծեծի են ենթարկել տարեց հային

Ջավախքի՝ Թուրքիայի հետ սահմանակցող Կարծախ հայաբնակ գյուղում ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի նկատմամբ ավազակային հարձակում է իրականացվել:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը: Պահակի խոսքով՝ գողերը վագոն-տնակ են ներխուժել:

«Նրանք կրակեցին շան վրա, ինձ հրացանի կոթով հարվածեցին, ինչ-որ բան փչեցին աչքերիս և սկսեցին ձեռքերս թոկով կապկպել, ձեռնաշղթաներ հագցրին, բերանս փակեցին ու դուրս եկան: Նրանք թուրքերեն էին խոսում»,- պատմել է Գասպարյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ:

Ինչպես հաղորդում է nor.ge-ը, սահմանապահին հաջողվել է մինչև Թուրքիայի սահմանը հատելը վերադարձնել գողացված անասուններին, սակայն այդ ընթացքում գողերն արդեն թաքնվել են:

Նշվում է, որ սա Վրաստանի սահմանամերձ գյուղերում անասնագողության առաջին դեպքը չէ, ընդ որում՝ բոլոր դեպքերում անասունները Թուրքիայի սահման են քշվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Աղբյուրը՝ tert.am