Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները դավադիր միջամտություններն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ ու ՀՀ ժողովրդի միջև հակասություն սերմանողներին

Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք  փորձ են անում կյանքի կոչել նախկին բանաձևը՝ տարաձայնություններ, թշնամանք հրահրել Արցախի ու Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու նպատակով: Այս մասին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը ստահոդ քարոզչություն իրականացնելու համար:

Դեռևս նախորդ տարի ասել եմ, որ սրա տակ տեսնում եմ դավադիր պատերազմ հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու ու տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում ԶՈՒ գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները դավադիր միջամտություններն արմատախիլ անելու համար»,- նշեց նա:

Ն. Փաշինյանի խոսքով՝ հասունացել է ժամանակը 2016 թ.ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:

«Կոչ եմ անում Արցախի ժողովրդին «ոչ» ասել, մերժել բոլոր ուժերին, ում գործունեությունն ուղված է ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Կոչ եմ անում  աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս ՀՀ ժողովրդի, կառավարության  աներկբա դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am