ՔՊ-ում քննարկվում է Արայիկ Հարությունյանին ու Զարուհի Բաթոյանին գործադիրի կազմից հանելու հարցը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է.

«Վաչապետի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում հունիսի 15-ին նշանակված համագումարին ընդառաջ լուրջ խմորումներ են, որոշ նախարարների հրաժարականների մասին է խոսվում: Կառավարությունում ձեռնարկած կառուցվածքային փոփոխություներից հետո հաջորդ քայլում իշխանությունը մինչև աշուն կադրային փոփոխությունների կգնա:

Կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը, ասում են, չի հասցնի դառնալ սուպերնախարար, գործադիրի կազմից նրան դուրս բերելու վարչապետի մշակած ռազմավարությունը հատուկ անուն ունի:

Պատճառաբանվելու է, թե առաջիկայում քաղաքական դաշտում սպասվող ակտիվ գործընթացներով պայմանավորված՝ Արայիկ Հարությունյանը պիտի վերադառնա և ծառայի կուսակցաշինական գործին: Իրականում կարծիք կա, որ նրա նկատմամբ վերաբերմունք է փոխվել կուսակիցների շրջանում:

Ասում են՝ Արայիկ Հարությունյանը վերջերս պարբերաբար «հայտնաբերում է», որ ինքն այլևս ներգրավված չէ վարչապետի մտերմիկ հավաքներում, իրեն չեն հիշում նաև ընտանեկան առիթների դեպքերում, շատերի հետ Արայիկ Հարությունյանը հարաբերությունները առաջվա պես ջերմ չեն, և այս հանգամանքը կարծես որոշիչ է դառնում նրա նախարարական կարիերայի համար:

Վարչապետի համար հեշտ չի լինի ազատվել Արայիկ Հարությունյանից, նա բոլոր թելերով է կապված վարչապետի քաղաքական ուղեգծին, եղել է նաև ՔՊ կուսակցության համահիմնադիրը, ուստի բացառված չէ նրան լոկալացնելու այլ ելքեր գտնեն:

Ինչ վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանին, ապա նրան գործադիրի կազմից դուրս բերելը պայմանավորված է աշխատանքային ծանրությանը չդիմանալու հանգամանքով:

Վարչապետին պարբերաբար է հաղորդվում, որ Բաթոյանը թույլ է՝ բանակից հետո երկրի մյուս՝ ամենաէական ոլորտը համակարգելու համար, նա ի վիճակի չէ այդ ահռելի ծանրության ոլորտում իրավիճակ կառավարել, և պատճառների շարքում նշվում են խնդիրներ, ընդհուպ՝ ֆիզիկական վիճակից եկող հանգամանքը:

Ի դեպ, Զարուհի Բաթոյանից կարծես չի թաքցվում կուսակցության պլանը, ներսում, ասում են, որ պաշտոնանկության հոտառությունով ոմանք սկսել են համախմբվել փոխնախարար Ժաննա Ալեքսանյանի շուրջ:

Հիշեցնենք, Ժաննա Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանի կինն է:

Նկատենք, հետաքրքիր «զուգադիպությամբ» այս շրջանում ներկուսակցական հարցերում կարծես դուրս է մղվել նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Փորձեցինք մեր տեղեկատվության պաշտոնական հաստատումը ստանալ ՔՊ-ից, սակայն հրաժարվեցին բացահայտ խոսել այս մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: