Զինծառայող է մահացել

ՀՀ ԶՈՒ-երում այսօր զինծառայող է մահացել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,- գրել է վերջինս։

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են․ «2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»: