«Պլաստիկ վիրահատություններ դեռ չեմ արել». «Հայաստանի գեղեցկուհի» դարձած Հայկուհի Մաթևոսյանի իրական հասակը, քաշն ու չափսերը

«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մրցույթի հաղթող ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հարցազրույց է տվել Tert.am Life–ին ու պատմել ինչպես հաղթանակի և զգացողությունների, այնպես էլ իր հասցեին հնչած քննադատությունների, պլաստիկ վիրահատությունների և մոդելային կարիերայի մասին։

«Համոզված էի, որ կլինեմ լավագույն հնգյակում, բայց ինձ համար անսպասելի էր հաղթանակը։ Կարծում եմ` յուրաքանչյուր  մասնակից մրցույթի մասնակցում է հենց հաղթելու համար։ Ես ուզում էի հաղթել, բայց մտածում էի, որ ինչ–որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ։ Երևի, բոլորը հասկացան, թե որքան հուզված էի։ Հետնաբեմում էլ արցունքներս չէի կարողանում թաքցնել։ Լացելու պատճառ չունեի, բայց արցունքներս ինքնըստինքյան հոսում էին։ Այդ պահի զգացողություններս արտահայտել չեմ կարող։ Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին ինձ ընտրելու համար»,– ասաց Հայկուհին։

19–ամյա աղջիկը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է, ասում է` իր գերնպատակն ապագայում լավ իրավաբան դառնալն է։ «Ինչ վերաբերում է մոդելային կարիերային, Հայաստանում մոդելինգն այն կետում չէ, որ ես ձգտեմ հասնել բարձունքների։ Կան ինչ–որ բաներ, որոնք պետք է անեմ, որովհետև կրում եմ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսը։ Կփորձեմ ամեն ինչ պրոֆեսիոնալ անել,– ասաց Հայկուհին ու հավելեց, որ, որպես մոդել, ունի իր սահմանափակումները,– Ես ունեմ տաբուներ, որոնք չեմ անցնի։ Ինձ չեք տեսնի կիսամերկ ֆոտոշարքերում»։

Հայկուհու խոսքով` այդ սահմանափակումներն ինքն է դրել իր առջև. «Այնպիսի մարդ եմ, որ չեմ թողնի ընտանիքիս անդամները զգուշացնեն այդ մասին։ Ես գիտեմ իմ լավն ու վատը և չեմ օգտվի այն ազատությունից, որն ինձ տրված է։ Ամեն ինչ պետք է անեմ էսթետիկ և աչքին հաճելի։ Չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում և ամեն ինչ պետք է արվի չափի մեջ։ Ի վերջո, մենք հայ ենք, մոդելինգն էլ Հայաստանում այնքան զարգացած չէ, որ մեզ նման բաներ թույլ տանք»։

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսի համար պայքարած Հայկուհին վստահեցնում է արտաքին տեսքն իրեն, երբեմն, խանգարում է։ «Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Դա ինձ դուր չի գալիս։ Մի հայացքն էլ ինձ հաճելի չէ, անգամ, լավ հայացքը։ Կարծես, արդեն հոգնած լինեմ այդ ամենից։ Դա դպրոցական տարիներից է գալիս։ Ես բարձրահասակ եմ, արտահայտված դիմագծեր ունեմ և միշտ ուշադրության կենտրում եմ եղել,– ասաց նա, միաժամանակ, շեշտեց, որ գեղեցկությունն իր համար միայն արտաքին տվյալներ չէ,– Ինձ համար գեղեցկությունն առաջին հերթին հոգունն է։ Գուցե, աղջիկը լինի շատ գեղեցիկ, բայց շփվելիս հասկանաս, որ արտաքինը զուր էր»։

Խոսելով իր ներքին գեղեցկության մասին` տիտղոսակիրն ասաց. «Ես շատ մարդկային ու ազնիվ եմ, ինձ ճանաչողները գիտեն։ Կողքից լինում են կարծիքներ, որ ես գոռոզ եմ, չեմ շփվում մարդկանց հետ, բայց նման բան չկա։ Ես գոռոզ չեմ և չեմ հասկանում գոռոզություն ասվածը։ Ես հպարտ եմ, ինչը մարդիկ շփոթում են գոռոզության հետ»։

Մրցույթից հետո բուռն քննարկվում են Հայկուհու արտաքին տվյալները։ Իր իսկ խոսքով` դպրոցական տարիներից արտաքնապես աչքի ընկած աղջկա հասակը 1.77 սմ է, քաշը` 57-58 կգ։ Ասում է` այս օրերին այնքան սթրես է տարել, որ ավելի է նիհարել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց, որ կազմվածքը պահելու համար հատուկ միջոցների չի դիմում. «Կազմվածքիս հատուկ չեմ հետևել։ Իմ կազմվածքը միշտ այսպիսին է եղել։ Ինձ մոտ հստակ 90/60/90 չափանիշներն են, բայց դա ինձ համար էական չէ։ Ես սա չեմ ասում ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցելու համար։ Ասում եմ այն, ինչ կա։ Ֆիթնեսի չեմ գնացել, սակայն մրցույթին մասնակցելու ընթացքում մի քանի շաբաթ մարզվեցի։ Հիմա մարմինս ավելի է դուր գալիս ինձ ու մտածում եմ, որ պետք է շարունակել»։

«Քիթը մեծ է», «շրթունքները լցրած են», «լինզաներով է» «արհեստական գեղեցկություն ունի». Հայկուհին կարդում է մեկնաբանություններն ու սրտնեղում։ Հարցազրույցի ժամանակ անդրադարձավ բոլոր քննարկումներին։

«Մրցույթի ժամանակ սխալ տեղ էի կանգնել, լույսի խնդրի պատճառով քիթս երկար էր երևում։ Մի նկար էլ կար, քիթս ֆոտոշոփով երկարացրած գցել էին համացանց ու գրում էին` ինչ մեծ քիթ է։ Այնքան էժան մեկնաբանություններ եմ կարդում,– ասաց նա, ապա անդրադարձավ շուրթերին,– Իմ շուրթերը բնական են։ Եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեի, որովհետև դրանում վատ բան չեմ տեսնում։ Այնքան գրեցին` շուրթերը մեծացրած է, ջղայնացած ասացի`եթե որևէ հաղորդման հրավիրեն, եղբորս հետ եմ գնալու, իր շուրթերն էլ են ևս շատ մեծ։ Այդպես կապացուցեմ, որ իմ շուրթերին միջամտություն չկա»։

Մանրամասները՝ այստեղ։