Ահաբեկիչներից մարդկանց փրկող եզդին՝ «Ավրորա»-ի հերոս

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2019 թվականի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի երեք բացառիկ հերոսներից է նաև ազգությամբ եզդի Միրզա Դինայը։ Վերջինիս ընտրել են դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար։

Միրզա Դինայը «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրն ու տնօրենն է: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել և հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին:

Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

Մեր՝ եզդիներիս, տարբեր ժամանակներում նկարագրող բառերից է խիզախությունը, կյանքի գնով պայքար մղելը։ Դարերից ի վեր մեզ վիճակված է եղել պայքարել հանուն մեր ինքնության, կրոնի, մշակույթի պահպանման, բայց այսօր մենք կանք ու պահպանել ենք մեր դիմագիծը՝ հենց մեր ուժեղ կամքի ու պայքարող տեսակի շնորհիվ։ 
Ցավոք, շատերը ստիպված անցել ու դեռ շարունակում են անցնել ահաբեկչության ողջ տառապանքի ու ցավի միջով։

Շատերն իրենց մաշկի վրա են զգացել այդ ցավը, բայց շնորհիվ Դինայի պես անհատների՝ կարողանում են վերագտնել իրենց ու իրենց կյանքը, փորձել տառապանքից հետո կյանքի նոր իմաստ գտնել։ Դինայի հետ քանիցս շփվելու առիթ եմ ունցել, ամեն անգամ իր աչքերում տեսել իր ազգին օգնելու, առավելագույնը տալու անհագ ցանկությունը։ Վստահ կարող եմ ասել՝ ազնիվ ազգակիցս արժանի է այս կարևոր մրցանակին»։