Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը Մարիխուանայի միջազգային օրվա կազմակերպիչներից է, ընկերներն էլ՝ օգտագործում են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի հերքում, որ Երևանի Ազատության հրապարակում Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչներից մեկն իր հարազատ եղբայրն է՝ Ալեքսանդր Բաղդասարյանը։

Լրագրողների հետ զրույցում, սակայն, վերջինս ընդգծեց, որ ինքը չի ցանկանում նույնականանալ իր ազգականների մտքերի կամ տեսակետների հետ, իր հարազատներն ազատ են իրենց որոշումների մեջ:

«Ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք։ Մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով՝ մաման լրիվ այլ տեսակետի է, և ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց նա։

Իսկ թե ինքն անձամբ ի՞նչ դիրքորոշում կունենա, եթե մարիխուանան օրինականացնելու մասին օրինագիծ բերվի խորհրդարան, պատգամավորը նշեց, որ որոշ երկրներում օրինական է, որոշ պետություններում էլ մահապատիժ է նախատեսվում, հետևաբար, ըստ Բաղդասարյանի, հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել

«Ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Սակայն սա խնդիր է, որ պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»,- ասաց նա։

Հարցին, երբ ասում է, թե ունի ընկերներ, որոնք օգտագործում են մարիխուանա, արդյո՞ք նկատի ունի պետական պաշտոնյաների, պատգամավորը պատասխանեց, թե նկատի ունի բակի ընկերներին։ , Վերջինս հայտարարեց, որ դեմ է մարիխուանայի օգտագործման քարոզին։