Իգական սեռի ներկայացուցիչները 22 տարեկանում պետք է ունենան 3 տարվա ստաժ և իմանան 3 օտար լեզու․ վարչապետ

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ աշխատաշուկայի պահանջներին եւ այդ սպասումներին մասնագետների որակական անհամապատասխանությանը:

Ուրբաթ օրը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել էր օգտատերերի հարցերին, ու նրան ամենաշատ տպավորած հարցերից մեկը վերաբերել է հենց վերոնշյալ խնդրին: «Օգտատերերից մեկը գրել էր՝ 22 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց ինձնից պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ եւ երեք օտար լեզուների իմացություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ օգտատերը դա համարում էր աբսուրդ:

«Առաջին հայացքից կարող է թվալ, որ իսկականից աբսուրդ է, բայց եթե նայում ենք ժամանակակից չափանիշների տրամաբանությունից, մեր խնդիրը պետք է հենց դա լինի, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք ժամկետային զինվորական ծառայություն չեն անցնում, 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա եւ երեք տարվա մասնագիտական ստաժ ունենա»,- ասաց նա:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ մենք անընդհատ ուզում ենք աշխատանքային չափանիշները հարմարեցնել մեզ, եւ ոչ թե մեզնից յուրաքանչյուրը փորձում է հարմարվել աշխատաշուկայում գոյություն ունեցող պահանջարկին:

«Եվ այս առումով կարեւոր է հասկանալ՝ երբ ասում ենք մագիստրոս, մենք ինչ նկատի ունենք, այդ մագիստրոսին ինչի համար ենք պատրաստում, հետագայում նա ինչ է անելու»,- հարց առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաեւ այն խնդրին, որ բուհական համակարգում դիմոդրներին առաջարկվող մասնագիտություններն ընտրվում են ավանդույթի ուժով:

«Հետո երբ տալիս ենք բարձրագույն կրթության դիպլոմ, մենք չենք երաշխավորում, որ նա այդ որաավորմանը համապաատսխանող մասնագետ է: Մենք շատ բան թողնում ենք անհատի վրա, թե ինչքանով նա դա կլրացնի ինքնակրթությամբ»,- ասաց վարչապետը: Նաեւ կարեւորեց այն վստահությունը, որ բարձրագույն կրթություն ստացող մարդը պետք է իմանա՝ իր կրթությունն իրեն հնարավորություն է տալու գտնել աշխատանք եւ ապահովել բարեկեցության գոնե նվազագույն մակարդակ: «Հակառակ դեպքում ինչ նպատակի է ծառայում մեր բարձրագույն կրթությունը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Armtimes.com