ԱԺ նախագահը չգիտի՝ 124 միլիոնն ինչի վրա է ծախսվելու, միայն վստահ է՝ այդքանով փուչիկ չեն գնելու

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի՝ ինչի վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, քանի որ, նրա մեկնաբանմամբ, դա գործադիրի կողմից է հատկացված: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ այսօր իր համար շատ կարևոր օր է՝ հիշեցնելով, որ թե անցած տարի այս օրը ինչ է տեղի ունեցել:

«Այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին, և ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ և պետք էր պահել: Այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ տոն է, մինչև ավելի լավ ու կարևոր իրադարձություններ»,- ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ շատերը պնդում են, թե այս գումարը կարելի էր ծախսել սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար՝ հիվանդ երեխաներ, աղբահանություն և այլն, Սիմոնյանն արձագանքեց, թե ինքը հարցումներ է լսել քաղաքացիների հետ, որոնք պնդում են, որ պետք է նման տոն ունենալ։ Վերջինի խոսքով՝ դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է:

«Խոսքը քաղաքացու գերակայության, քաղաքացու դերի բարձրացման մասին է, և այդ քաղաքացին է այսուհետ որոշելու ՀՀ-ում ամեն ինչ: Այդ օրը համեստ կերպով նշելը սխալ կլիներ»,- շարունակեց Ալեն Սիմոնյանը։

Նա շեշտեց՝ խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ։

«Խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի շատ բարձրացնելու և այդ երևույթն էլ ավելի զարգացնելու մասին է, որը բերելու է ՀՀ-ին ավելի մեծ հաղթանակներ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։