Խոստումը կատարված է` ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20%-ով, պոլիկլինիկաների աշխատողներինը՝ 30%-ով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատավարձերի բարձրացման թեմային: Փաշինյանը գրել է.

«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:

Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:

Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել:

Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:

Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին»: