Անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում. Դավիթ Սանասարյանը՝ որպես կասկածյալ ներգրավվելու լուրերի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջումանդրադարձել է տարածված լուրերին, թե նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։

«Մտա «Ֆեյսբուք», պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ 

Ինչպես պայքարել եմ, ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։