Հասցրել են տաճարից դուրս բերել Հիսուսի փշե պսակը. Մակրոնը խոստացել է՝ տաճարը կվերականգնվի

Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։

Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգություն»:

«Ես պաշտոնապես Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը, բոլորս միասին: Վաղվանից կսկվի գումարների հավաքագրումն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Այս տաճարը ֆրանսիական պատմության մի մասն է, մեզ հաջողվել է այն կառուցել մոտ 800 տարի առաջ և դարեդար ավելի լավը դարձնել: Մենք կվերականգնենք տաճարը, քանի որ դա մեզնից պահանջում են ֆրանսիացիները, մեր պատմությունը և մեր ճակատագիրը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Նա հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի առաջիկա տարիներին: