Արցախի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը

Երևանում մարտի 13-ին կայացել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, Միրոսլավ Լայչակի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է։

Արցախի արտգործնախարարը նշել է, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է:

Մասիս Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա:

Ըստ նախարարի, պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունն, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը:

Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նաև նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:

Արցախի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մարդասիրական բնույթի հարցերին: Նշելով, որ ԵԱՀԿ անկյունաքարային սկզբունքն է համապարփակ անվտանգության ապահովումը, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական, ինչպես նաև մարդկային հարթությունները՝ Մասիս Մայիլյանը, միևնույն ժամանակ, ափսոսանքով փաստել է, որ այս կազմակերպությունը կենտրոնացել է գլխավորապես հակամարտության կարգավորման վրա։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել մարդկային հարթությունը չթողնել առանց պատշաճ ուշադրության։

Մասիս Մայիլյանը Միրոսլավ Լայչակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը չի դադարեցնում Արցախին մեկուսացնելու փորձերը, և այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն որոշակի պատասխանատվություն է կրում, որպեսզի հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված՝ հանրապետության քաղաքացիները սահմանափակված չլինեն՝ իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։ Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Արցախ այցելությունների հարցի արդիականությունը:

Ըստ նախարարի, նման այցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր ազդանշան կդառնան:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: