Վանո Սիրադեղյանի դուստրն արձագանքում է՝ հոր անունով նամակը կեղծ է

Երեկվանից սոցցանցում տեղեկություններ հայտնվեցին, թե մարտի 8-ին Վանո Սիրադեղյանը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նիկո՛լ, աղետաբեր ձախողումը օր օրի շնչում է մեջքիդ: Դա քո ձախողումը չի լինելու: Դա իշխանության ձախողումը չի լինելու, քանի որ հարցն ավելին է, քան իշխանությունը: Ինքդ արդեն հասկանում ես, թե ինչ, ոնց և ինչու եղավ: Թշնամին դարպասների մոտ է: Զգոնությունդ կեղծ փաստարկներով թուլացրել են, քեզ` քո համար ամենաանսպասելի պահին փաստի առաջ կանգնեցնելու համար:

Դու դաշնակից չունես: Ոչ ներսում, ոչ դրսում: Ուժայինների վրա, դու էլ գիտես, չես կարող հենվել, անգամ վստահել: Արցախում դու ոչինչ չունես, բացի զինվոր տղադ: Սփյուռքի դերը էդ պարագայում ֆիկցիա է: Քո քպականներն էլ ոչինչ են ու նման իրավիճակներում առաջինն են քեզ խփելու, իրենց վրից դավաճան-հող տվողի պիտակը մաքրելու ու Հայաստանում ապրելու իրավունքի համար: Լևոնին, Ռոբերտին ու Սերժին դավաճանած ու էսօր քո դուդուկի տակ պարողները վկա:

Քայլ արա, քանի դրա ժամանակն ունես: Մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ: Էդ երկու շաբաթն Աննայի խաղաքարտն էլի, մի վերջին անգամ էլ օգտագործի` բոլորին շեղելու համար: Արմեն Սարգսյանի վրա զապըդը պատերազմ չի թողնի: Թող հաղթող ուժը ժամանակ ունենա էս թնջուկից դուրս գալու, փորձանքը կանխելու համար: Որոշում կայացնելու համար դու երկու ամիս էլ չունես: Հասարակական աջակցություն դու այլևս չունես այնպես, որ դրա հետ հաշվի նստեն ներսում ու դրսում: Քայլ արա, քանի դեռ դրա շանսը քո ձեռքերում է:

Հետո դառնալու ես դիտորդ, վերջում` քավության նոխազ: Քո սիրած Պապ թագավորը դա չհասկացավ, զգոնությունը կորցրել էր, դու հասկացիր: Կարդա Արտաշեսյաններ: Կարդա Արտավազդի Ա-ի չարագուշակ խոսքերը: Գտիր ասածս խոսքերն ու կարդա: Հասկացի` ինչ եմ ասում: Այնպես մի արա, որ քո հաջորդը նույն բառերը կրկնի: Պատմությունը դա չի ների երբեք: Չի ների ոչ քեզ, ոչ էլ մեր էս մի բուռ երկրին: Հարգանքներով` Վանո»:

Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրավիրում ու պահանջում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետեւյալ փաստին.այն է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր պարբերաբար հրապարակում են նամակներ Վանո Սիրադեղյանի անունից, ինչին հասարակության որոշ շերտեր հավատում են։

Այնինչ, ես վստահ եմ, որ դրանք կեղծ են, իրենց մեջ վտանգ են պարունակում ու միտված են նրա անունը շահարկելու, իրենց հետագա վտանգավոր անհասկանալի քայլերի իրագործմանը։

Կրկին անգամ պահանջում եմ իրավասու մարմիններին’ հետեւողականորեն արգելել նմանատիպ օգտատերերի ձեռքով, բայց Վանոյի անունով ներկայացվող նամակների հրապարակումը կայքերում եւ Ֆեյսբուքում»: