Մարտի 23-ին հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ կանցկացվի

Հայաստանում մարտի 23-ին մտադիր ենք հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ անցկացնել: Այս մասին այսօր համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նման միջոցառում իրականացվել է նաև նախորդ կառավարությունների կողմից, ծրագիրն էլ կոչվում էր «Մաքուր Հայաստան»։ Ըստ վարչապետի՝ դա լավ գաղափար էր, սակայն բացթողումներ ու սխալներ կային, որն այս անգամ կրկնել չի կարելի։

« Անցյալ տարի քայլարշավի ընթացքում մենք տեսանք, թե ինչ հետևանքներ է առաջացրել «Մաքուր Հայաստանի» ոչ պատշաճ իրականացումը: Պարզապես աղբը տեսախցիկների առջև հավաքվել է և տեղափոխվել է տեսախցիկներից հեռու մի ինչ-որ վայր: Ամեն ինչ չէ, որ չարամտությունից է արվում, կա նաև ենթակառուցվաքծների պակաս»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը համայնքապետերի հետ պայմանավորվեց, որ այս շաբաթօրյակն իրականացնեն պատշաճ մակարդակով, և աղբը ոչ թե տեղից տեղափոխվի այլ վայր, այլ դրա արդյունքում հասնեն սանիտարական վիճակի զգալի փոփոխությունների:

Վարչապետը մեծ փոփոխություն կհամարի, եթե մեր երկիրը մաքրվի աղբից, մեքենաների ժանգոտած թափքերից և բուտկաներից: