Իսպանիայից «Հայփոստ» ներմուծված փոստային առաքանում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից ստացել էր Իսպանիայից իր անվամբ ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված անձնական խուզարկության արդյունքում առաքանում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իրականացվում է նախաքննություն: