Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 60 հազար դրամով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»: