Հրապարակված տեսանյութում վարչապետը մեքենայում չի եղել. Վլադիմիր Կարապետյան

«Մեքենաները հնարավորինս մոտեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության նկատառումներից ելնելով»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակված տեսանյութին, որտեղ վարչապետի ավտոշարասյունը շրջադարձ է կատարում արգելված տեղով։

Կարապետյանի խոսքով, Հայաստանի վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը հետևում է ճանապարհատրանսպորատային երթևեկության կանոններին։ Հրապարակված դեպքի ընթացքում վարչապետը մեքենայում չի եղել, այլ թատրոնից հետո զբոսնել է։

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ պետական պահպանության ծառայությունը համապատասխան միջոցառումներ, այդ թվում ավտոշարասյան երթևեկության հետ կապված իրականացնում է «Հատուկ պետական պաշտպանության անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն»,-ասաց գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը։

Նա մանրամասնեց, որ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն կարող են
«անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից»։