Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը և ո՞ր երկրում որքա՞ն գումար են ծախսում

Արտագնա տուրիզմը Հայաստանում տարեցտարի աճում է։ «Անռիվա» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով` այս փաստը պայմանավորված է մի քանի գործոնով` նախ, կանոնավոր չվերթները մարդկանց վստահություն են տալիս, ապահովում հարմարավետությունը, երկրորդ` մատչելի տուրերը բավականին շատ են, երրորդ` ինֆորմացիայի հասանելիությունը մարդկանց օգնում է լիարժեք պատկերացնել հանգստի ընթացքն ու ծախսատարությունը։

Հռիփսիմեի հետ առանձնացրել ենք ձմեռային հանգիստն ու սպասվող տոները` Սուրբ Վալենտինը, Սուրբ Սարգիսն ու Կանանց միջազգային օրն արտերկրում անցկացնելու լավագույն տարբերակները և հաշվարկել դրանց արժեքները։ Տուրիստական ընկերության տնօրենը ներկայացրել է նաև, թե այս տարի որ երկրներում են նախընտրել հայերը դիմավորել Նոր տարին։

Այս շրջանում հանգստի առաջնային ուղղությունը Եգիպտոսն է։ Air Cairo ավիաընկերության ներմուծած կանոնավոր չվերթների շնորհիվ Եգիպտոսում հանգստանալ ցանկացողների քանակը բավականին մեծացել է։

«Իր արժեքով, Կարմիր ծովով ու all inclusive սննդի տարբերակով Եգիպտոսն ինչպես Ամանորին, այնպես էլ հիմա շարունակում է մնալ առաջնային ուղղություն։ Այն բավականին հարմար է բալիկների հետ հանգստի համար։ Թռիչքներն այս շրջանում շաբաթական երկու անգամ են, ապրիլից ավելանում են»,– ասաց նա։

Հռիփսիմեն նկատեց, որ այս փուլում Եգիպտոս մեկնելիս պետք է ճիշտ ափ ընտրել։ Կան ափեր, որոնք ավելի տաք են. «Մենք իրականացնում ենք խորհրդատվություն։ Իհարկե, այս շրջանում այն շոգը չէ, ինչ կարող է լինել, օրինակ, մարտին։ Ինքս ընտանիքիս հետ Ամանորին եղել եմ Եգիպտոսում և կարող եմ փաստել, որ սեզոնի` հարմար լինել–չլինելը նախընտրության հարց է։ Օրինակ, ինձ համար ծովը հաճելի չէր, ամուսինս և շատ մարդիկ ծովից դուրս չէին եկել։ Իհարկե, դա խոչընդոտ չէ, որովհետև լողավազաններն էլ ոչնչով չեն զիջում, նախ` տաքացվող են, երկրորդ` լցված են ծովի ջրով, արևն էլ միշտ շողում է»։

Տուրիստականի տնօրենը հայտնեց, որ Եգիպտոսում ունեն հատուկ ծառայություն։ Եթե հաճախորդները նախապես հայտնում են, որ նորապսակ են, ամուսնության կամ ծննդյան օր են նշելու, իրենք կազմակերպում են շամպայնով և տորթով շնորհավորանք։ Սա անվճար, իսկ եթե հաճախորդները ցանկանում են նաև ծաղիկներ կամ ֆոտոշարք, կարող են կազմակերպել հավելյալ վճարի դեպքում։

Այս փուլում նա  առաջարկում է հանգիստը կազմակերպել նաև Դուբայում։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ բացի Եգիպտոսից, մյուս ուղղությունների դեպքում պետք է ունենալ նաև ծախսի գումար, քանի որ առաջարկները հիմնականում ներառում են միայն նախաճաշ։

«Կղզիներում հանգիստը ևս հետաքրքիր է, բայց շատ ավելի թանկ է, քան Եգիպտոսում կամ Դուբայում։ Պատճառն այն է, որ ավիատոմսն է թանկ, որովհետև թռիչքը մոտ 10 ժամ է։ Վերջին շրջանում շատերը նախընտրում են մեկնել Դոմինիկյան Հանրապետություն, քանի որ Մոսկվայից ավիատոմսերի մատչելի տարբերակներ կան, իսկ Երևան-Մոսկվա թռիչքը շատ թանկ չէ»։

Եվրոպական ուղղություններից Սիրո տոներին ու Մարտի 8–ին հետաքրքիր առաջարկներ կան Փարիզում, Իտալիայում, Իսպանիայում։

Այսպիսով` այս փուլում հանգիստը հետևյալ երկրներում կազմակերպելու համար կարժենա.

Եգիպտոս – 450-800 դոլար` ներառյալ ավիատոմս, հյուրանոց, all inclusive սնունդ (արժեքը կախված է հյուրանոցի կարգից)

Դուբայ – 600-700 դոլարից սկսած` ներառյալ  ավիատոմս, հյուրանոց` նախաճաշով

Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա – 600-700 եվրոյից սկսած` ներառյալ  ավիատոմս, հյուրանոց` նախաճաշով (արժեքը գործում է խմբային տուրերի համար, անհատական տուրերի դեպքում ցածր կարգի հյուրանոց ընտրելու դեպքում առաջարկները սկսում են 800 եվրոյից)

Թաիլանդ, Բալի –15004000 դոլար` ներառյալ ավիատոմս, հյուրանոց (արժեքը կախված է հյուրանոցի կարգից)

Հռիփսիմեին խնդրեցինք ամփոփել նաև, թե որտեղ են հայերը նախընտրել հանգստանալ Ամանորին։ Այս դեպքում էլ Եգիպտոսը եղել է առաջնային ուղղություն, ինչին նպաստել է կանոնավոր ուղիղ չվերթների առկայությունը. «Մի քիչ ավելի մատչելի տարբերակով հայերը հանգստացել են Վրաստանում։ Որպես կանոն` Վրաստանի ուղղությունը մեզ համար առաջնային չէ, սակայն մեր մշտական հաճախորդներին ապահովում ենք և՛ հյուրանոցներով, և՛ տուրերով, և՛ մեքենաներով»։

Այն, որ Հայաստանում հանգիստն ավելի թանկ է, միֆ չէ։ Հռիփսիմեն այս մասին խոսում է թվերով։ «Այս տարի ավելացել էին Հայաստանում և Արցախում Ամանորն անցկացնելու հարցումները։ Ընդ որում`հետաքրքրության շրջանակում էր ոչ  միայն Ծաղկաձորը, այլև Ջերմուկը և այլ քաղաքներ։ Սակայն արժեքներն այնքան բարձր էին, որ շատերը նախընտրում էին մեկնել Վրաստան կամ Եգիպտոս։ Իհարկե, կային մարդիկ, որոնք հանգստացել են Հայաստանում և պետք է փաստել, որ Հայաստանի հյուրանոցներում ազատ տեղեր չկային։ Մենք կատակում ենք, որ հարուստները հանգստացել են Հայաստանում, միջին խավը` Վրաստանում և Եգիպտոսում։ Օրինակ` Ծաղկաձորում կային հյուրանոցներ, որտեղ 1 անձի արժեքը մոտ 1 մլն դրամ էր, իսկ այդ արժեքով կարելի էր երկուսով Եգիպտոսում ծովափնյա 7–օրյա հանգիստ կազմակերպել։ 2-3 հազար դոլարով կարելի էր Եգիպտոսի շատ շքեղ հյուրանոցում հանգստանալ 2 անձով, ինչը Ծաղկաձորի շքեղ հյուրանոցում հնարավոր չէր»։

Ամանորին բոլոր ուղղությունները թանկանում են, սակայն Հռիփսիմեն նկատեց, որ Եգիպտոսում ամանորյա հանգիստ կազմակերպելը 1 անձի համար արժեցել է 700–1700  դոլար` կախված հյուրանոցի շքեղությունից։

Հաջորդիվ հայերն ընտրել են նաև Դուբայը, Շրի Լանկան, Թաիլանդը, Դոմինիկյան Հանրապետությունը։ Եվրոպական ուղղություններից նախընտրությունը տվել են Չեխիային, Ավստրիային, Ֆրանսիային, Իտալիային։

«Հայաստանից մեկնել են նաև Ձմեռ պապու հայրենիք` Լապլանդիա։ Սակայն այս ուղղություններով գնացողները ավելի քիչ են եղել։ Օրինակ` Իտալիայի խմբային տուրերը բավականին մատչելի են, սակայն դրանք ճանաչողական են` բավականին  ակտիվ կենսակերպ են ենթադրում և հիմնականում 3 աստղանի հյուրանոցներ են առաջարկում, որոնք  գործարար մարդկանց, բալիկների հետ հանգստացողների համար հարմար չեն։ Իտալիայի ուղղությունը հիմնականում ընտրել են երիտասարդները, որոնք հանգստի են մեկնում ընկերների հետ»,– հայտնեց նա։