Տպավորություն է՝ ուզում եք կալանավորվեմ․ Արմեն Գևորգյանը կրկին չկալանավորվեց

Դատարանը ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով երկու կողմերի վերաքննիչ բողոքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նա կրկին չկալանավորվեց։

«Այնպիսի տպավորություն է, որ դուք ուզում եք, որ ես կալանավորվեմ։ Միշտ էս նորությունների մեջ փորձում եք բացասական երանգներ գտնել»,- լրագրողներին ասաց Գևորգյանը։

Նա հրաժարվեց մեկնաբանել դատարանի որոշումը՝ նշելով, որ երբեք այդպիսի սովորություն չի ունեցել։

Հարցին՝ ըստ Ձեզ՝ բանակը Մարտի 1-ին ներգրավվե՞լ է քաղաքական գործողություններին, ասաց․ «Դա պատկան մարմինների գործառույթն է։ Ինչքանով ներգրավված եմ այս գործում, ունեմ պարտավորույթուն իմ ունեցած տեղեկությունները չհրապարակելու։ Ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք։ Ես շատ պարտաճանաչ քաղաքացի եմ, հարգում եմ օրենքը»։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում: