Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղի, Արցախը մերն ա»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծեմ՝ 2015թ. դեկտեմբերն էր։ Պետերբուրգում` ուսանողական մի փառատոնի ժամանակ, հերթական վեճն էր եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, որը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Պատճառը՝ հայկական տաղավարում Արցախի սիմվոլիկայի առկայությունն ու ճիշտ քարտեզն էին, և իմ կողմից հանրային դասախոսության ընթացքում Արցախի՝ որպես Հայաստանի տարածքի մասին հիշատակելը։

Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների մոտ էինք։ Հրավիրված էին հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները՝ մեղավորներին պարզելու համար։ Ադրբեջանցիները մի քանի հոգով, թղթերով, հոդվածներով, գրքերով եկել էին, որ ապացուցեն, որ մենք «գողացել ու փառատոնի ժամանակ ցուցադրել ենք ադրբեջանական հողն ու մշակույթը» ու որ «Ղարաբաղն իրենցն է»։

Մենք երկու կամ երեք հոգով էինք։ Դատարկ ձեռքերով։ Իրենք հուզված, բռնկված, գոռալով, խառնելով ռուսերեն ու ադրբեջաներենը։ Մենք՝ հանգիստ, գրագետ ռուսերենով, առանց որևէ գրամ հուզվելու։ Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։ Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։

Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղի, Արցախը մերն ա»։ Դուրս գալուց լուռ էինք ու հանգիստ։ Նայեցի ընկերներիս. «Ջոկո՞ւմ եք՝ ի՜նչ հանգիստ ու վստահ էինք։ Մեր ամեն խոսքի հետևը մի զինվոր ա։ Հայաստանի սահմաններին։ Ավել բան պետք չի»։ Կիլոմետրերի վրա էլ հանգստություն բերող Բանակի կենացը։ Նկարում՝ ազատագրված Քարվաճառի բարձրունքներն ու ամպերի տակ ծածկված Քարվաճառը՝ մեր դիրքերից»։