«Արցախյան կողմը, համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց»․ Վիտալի Բալասանյան տեսանյութ

Նրանց, ովքեր խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, առաջարկում եմ, հորդորում եմ, նախ տարածաշրջանում խաղաղության պայմանագիր կնքել: Մենք չունենք դա, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը.

«Ես հիմա հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղությանը: Մենք կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, մենք պատերազմ չենք հրահրել, մենք պարտարդված ենք մտել պատերազմի մեջ՝ գտնվելով շրջափակման մեջ: 1988 թվականին էլ, երբ սկսվեց շարժումը, մենք հիմք ընդունեցինք ԽՍՀՄ Սահմանադրության ազգերի ինքնորոշման մասին կետը, ինչի դիմաց ստացանք պատերազմ: Այստեղ մարդ չկա, որ պատերազմ ցանկանա, սակայն խաղաղության պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք, պետք է կնքվի պայմանագիր»:

Բալասանյանի խոսքերով, բանավոր խոսակցությունները հարցի լուծման չեն բերելու:

Հարցին՝ արդյո՞ք Ստեփանակերտի համար ընդունելի կլինեն կարգավիճակի դիմաց տարածքային որոշակի զիջումը, Բալասանյանը բացասական պատասխան տվեց.

«Միանշանակ, ոչ: Արցախյան կողմը, համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց: Մենք ժամանակին այդպիսի զիջումներ արել ենք: Զիջումներ արել ենք 1988-ին, 1991-ին: 1991-94 թվականներին ընդունված բանաձևերը պաշտպանել ու պահպանել ենք: Երբ Ադրբեջանի վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանաձև էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում հարձակումից, իսկ Ադրբեջանը վերադասավորվում էր ու սկսում հարձակումները: Մենք 4 անգամ զիջել ենք: Մենք 1994 թվականի մայիսի 12-ին զիջել ենք: Այդ ժամանակ մենք թույլ չենք եղել: Ով նման բան է ասում, ամոթ իրեն: Մենք թույլ եղել ենք սկզբնական շրջանում, իսկ երբ միացանք Հայաստանին, թույլ չենք եղել: Մենք չենք զիջե՞լ 2016-ին, երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակման: Ի՞նչ զիջելու մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է բանակցություններին, Բալասանյանի խոսքերով, դրանք պետք է լինեն:

Բալասանյանը խոսեց նաև Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտություն է ու պարտադիր պայման: