Ուշադրություն. ՄՐՑՈՒՅԹ

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ անցկացնում է «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» ստեղծագործական մրցույթը։ Նախաձեռնությունը ոչ թե ողբի դրսևորում է, այլ միտված է Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, ինչպես նաև ապագա` հզոր և բոլորի համար հավասար հնարավորությունների Հայաստանի պատկերմանն արվեստի միջոցով։ Մասնակիցները կարող են ներկայացնել կերպարվեստի, քանդակի կամ ձեռքի աշխատանքի ցանկացած այլ տեսակի գործեր։
Նախագիծն իրականացվում է Փարոս Հիմնադրամի (The Paros Foundation) աջակցությամբ։ 

Սահմանված են 3 անվանակարգեր. 
1. Ցեղասպանությունն իմ աչքերով
2. Մատչելի Հայաստան 
3. Մենք հավասար ենք։ 

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողի համար նախատեսված է դրամական մրցանակ։ Ժյուրին իր հայեցողությամբ կարող է սահմանել նաև հատուկ մրցանակներ։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները ցուցադրվելու են ս.թ. ապրիլին Գյումրիում և Երևանում կայանալիք ցուցահանդեսներում։ Բացի այդ, ժյուրիի կողմից ընտրված աշխատանքներն ընդգրկվելու են բուկլետում։

Մրցույթին մասնակցության ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ.

1) Մասնակցել կարող են 2003թ. ապրիլի 1-ից շուտ ծնված` հաշմանդամություն ունեցող մարդիկ:

2) Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ՄԱՐՏԻ 31-ն ուղարկել փոստով կամ անձամբ ներկայացնել «Ունիսոնի» գրասենյակ մրցույթին ներկայացվող աշխատանքը կամ աշխատանքները (հասցե` Երևան, 0002, Դեմիրճյան 36, «Ունիսոն», այցելել ՄԻԱՅՆ նախնական պայմանավորվածությամբ, հեռ. 010-52-21-70, 010-54-65-70).

3) Աշխատանքի հետ ներկայացնել նաև հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի (կենսաթոշակի վկայականի կամ ԲՍՓՀ-ի տեղեկանքի) և անձնագրի (կամ, անձնագրի բացակայության դեպքում` ծննդական վկայականի) պատճենները։

4) Ուշադիր կարդալ և ստորագրել հետևյալը.

«Ես ցանկանում եմ մասնակցել «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» մրցույթին։ Սույնով ես հաստատում եմ, որ մրցույթին ներկայացրել եմ միայն իմ կողմից ստեղծագործած աշխատանքը (աշխատանքները)։ Անվանակարգում հաղթող ճանաչվելու կամ հատուկ մրցանակի արժանանալու դեպքում ես պարտավորվում եմ ԱՆՁԱՄԲ ներկայանալ 2019թ. ապրիլին Երևանում կայանալիք եզրափակիչ ցուցահանդեսին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, չհրաժարվել լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց և ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ համագործակցել կազմակերպիչների հետ:

Ես գիտակցում եմ, որ ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ Ես նաև հասկանում եմ, որ ոչ բոլոր մասնակիցներն են դառնալու մրցանակակիր: Մրցույթի արդյունքներից հիասթափված լինելու դեպքում ես «Ունիսոնին» և ժյուրիի անդամներին ոչ մի պահանջ չեմ ներկայացնի:»
Վերոնշյալ ստորագրված տեքստը անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի (աշխատանքների) հետ (անձամբ կամ փոստով)։

Հաջողություն ենք ցանկանում բոլոր մասնակիցներին: