ՀՀ-ում ստեղծվի Պարեկային նոր ծառայություն․ ոստիկանության ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն


Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը. «Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: 

«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», — նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարևոր առաջնահերթությունն արտաքին և ներքին առումով անվտանգության ապահովումն է: «Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբևէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում և այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, և կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենևին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ և դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, և սա ամենակարևոր արձանագրումն է:

Մանրամասները՝ տեսանյութում։