Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ․ Armtimes

Armtimes.com-ը գրում է․

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը:

Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Մեր զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը ստանդրատ որոշում է կայացրել՝ նշելով, որ օրենքի միատեսակ կիրառության խնդիր չկա: Այնինչ, պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի առջեւ բազմաթիվ հարցեր են բարձրացվել ինչպես Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, այնպես էլ նրա պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված: «Բացի այդ, ինչպես առաջին ատյանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չէին համարել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն, հաստատել էին, որ նրա առնչությունը առաջադրված մեղադրանքին չի հաստատվել, սակայն գտել էր, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի է: Այս հարցը նույնպես բարձրացրել էինք, թե արդյոք նման պայմաններում իրավաչափ է կալանավորումը, որին Վճռաբեկ դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել: Կրկին գործ ունենք ակնհայտ արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտման հետ. որոշ հնչեղություն ունեցող գործերով Վճռաբեկ դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնել, եթե Վճռաբեկ բողոք բերողը գլխավոր դատախազությունը չէ: Նաեւ շատ կարեւոր հարցեր էինք բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջեւ կալանքի իրավաչափ նպատակի հետ կապված, քանի որ բացահայտված գաղտնալսումների արդյունքում (խոսքը ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների մասին է,-հեղ.) պարզվեց, որ Խաչատուրովի կալանքը ինքնանպատակ է եղել եւ չի հետապնդել իրավաչափ նպատակ: Այսինքն՝ Խաչատուրովը ըստ ՀՔԾ պետի խոսքերի՝ կալանավորվում է, որպեսզի ցուցմունք տա, խոսի, կամ այլ անձինք սկսեն խոսել: Դա ոչ իրավաչափ նպատակ է, ինչի պարագայում խախատվում է նաեւ Եվրոպական կոնվենցիան: Վճռաբեկ դատարանի առջեւ հարց էինք բարձրացրել, թե արդյո՞ք սույն պարագայում կալանավորումը հետապնդել է իրավաչափ նպատակ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը շաբլոնային որոշումներից մեկն է կայացրել՝ այս հարցին եւս որեւէ անդրադարձ չկատարելով: Մենք արդարարությունը կփորձենք գտնել Եվրոպական դատարանում, որովհետեւ գոնե ակնհայտ է, որ կալանավորումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել»,- մանրամասնեց Միհրան Պողոսյանը: Մեր ճտող հարցին՝ այսինքն գանգատ եք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Պարտադիր, հենց ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներ ունի կայացրած կալանքի ոչ իրավաչափության հետ կապված, սա կոնկրետ այդ հանգամանքն է, քանի որ բազմիցս վարույթն իրականացնող մարմնի պետը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը եւ ակնկալվող դատարանի որոշումը պատճառաբանում է միմիայն Խաչատուրովի եւ այլ անձանց խոսելու նպատակով»:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այս ամիսների ընթացքում որեւէ քննչական գործողություն Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: «Եթե քննչական գործողություն պլանավորվի եւ իրականացվի, ապա մենք պահանջելու ենք, որպեսզի դա տեղի ունենա Խաչատուրովի իրավունքների ամբողջ ծավալի ապահովմամբ, այսինքն՝ եթե առերես հարցաքննություն լինի՝ պահանջելու ենք, որպեսզի նույն պայմաններով ինչ-որ քննիչը, մենք հնարավորություն ունենանք հարցաքննել այն անձանց, որոնց հետ առերեսումներ են նախապատրաստվում»,-հավելեց պաշտպանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։