«Լուրերի» մեկնաբանները վաղվանից եթերում չեն լինի

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լուրեր»-ի հաղորդավարներն ամբողջությամբ փոխվել են։ Մերի Ներսիսյանին, Էսթեր Մեսրոպյանին, Մամիկոն Սիմոնյանին, Դավիթ Գրիգորյանին վաղվանից «Լուրերում» չենք տեսնի։

«Մեր քառյակին վաղվանից «Լուրերում» չեք տեսնի: Ուրախ եմ, որ հանդիպեցինք, աշխատեցինք առանց կոնֆլիկտի ու դարձանք լավ ընկերներ: Դեռ երիտասարդ ենք, վստահ եմ՝ միասին աշխատելու շատ առիթներ ենք ունենալու: Ընդամենը 4 ամսում սիրահարվեցի լրատվական ոլորտին, ինքս ինձ շատ բան ապացուցեցի ու վերջապես հասկացա, թե մի քանի տարուց ուր եմ հասնելու:
Ես կշարունակեմ աշխատել «Լուրերի» թիմում՝ որպես միջազգային լուրերի մեկնաբան: Նոր գործընկերներիս էլ հաջողություն եմ մաղթում»,- գրել է Մերի Ներսիսյանը։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը դեռևս օրեր առաջ հայտարարել էր, որ Առաջին ալիքի բոլոր հաղորդավարները փոխվելու են։

«Բոլոր հաղորդավարները փոխվելու են, լրագրողական կազմի շատ լուրջ թարմացում է եղել, որովհետև նոր արտադրանք, լրագրողական մտածելակերպ բերելու համար պետք են որոշակի փոփոխություններ և դրանք արվել են»,- ասել է Պետրոս Ղազարյանը։