Բուհը Մհեր Ենոքյանին իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումն ընդունել է բացառապես մարդասիրական հիմքով. ՀՌՀ մամուլի ծառայություն

Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է Մհեր Ենոքյանի՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում: Այս մասին Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։

Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով՝ նաև հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը:

Այդ որոշումը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն:

Նման հիմքեր և/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:

Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։