Կամայական քաղաքացիներ կարող են գնալ խաշ ուտելու, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, որ այսօր իշխող խմբակցության անդամները խաշկերույթի են ու այդ հարցով էլ հետ չեն մնում ՀՀԿ-ից։

Ի պատասխան՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»։