Անտեր մեղադրյալ և էլիտար տուժող․ Զարուհի Մեժլումյանը պնդում է՝ Մհեր Ենոքյանը մեղավոր չէ․ տեսանյութ

Այն, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, իր մեջ հանցակազմ չի պարունակում։ Ես որտեղ էլ աշխատեմ, կարող են հանցակազմ փնտրել ու գտնել։ Ծիծաղելի է, որ ես ազդեցություն ունեմ գործ վրա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը, որը Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետն է։

Վերջինս պատմեց, որ վերջերս իրեն է զանգահարել լրագարող Ջուլիետա Ամիրխանյանը՝ ասելով, որ իրեն գումար են առաջարկել «Մհեր Ենոքյանի դեմ նոր սևացնող հաղորդում պատրաստելու համար»։

Ի դեպ, Ջուլիետա Ամիրխանյանն այն լրագրողներից է, որը 22 տարի առաջ դատաքննությունը լուսաբանել է։

«Մինչև օրս, ասում է, որ այն համոզմունքն ունեմ, որ գործը բարդվում է Մհերի վրա։ Նա հրաժարվել է։ Ասացի՝ ինչո՞ւ է առաջացել անհրաժեշտություն նորից հաղորդում նկարելու Մհերի դեմ։ Ասաց, որ բացատրեցին՝ հնարավոր է, Մհերին շուտով ազատեն։ Սա է եղել խոսակցությունները, որոնք մեզ հասել են»,- պատմեց Զարուհի Մեժլումյանը։

Նա հայտարարեց՝ խոնարհվում եմ Իոսիֆ Աղաջանովի հիշատակի առաջ (վերջինս այս պատմության զոհն է, ով 22 տարի առաջ սպանվել է Մհեր Ենոքյանի և Արամ Հարությունյանի կողմից)։

«Ես ամեն օր եմ մտածում նրա չապրած տարիների մասին, բայց ես չեմ հավատում Աղաջանողներին, քանի որ ողն ու ծուծով ծանոթ եմ քրեական գործին։ Քանիցս ընթերցել եմ գործը։ Ես նաև իրավաբանություն եմ սովորել, Մհերը ևս զինվել է գիտելիքներով»,- ասաց նա։

Մհեր Ենոքյանի կինը շեշտեց՝ եթե անգամ 100 ապացույց լինի, որ ինքը մեղավոր է, ունի սահմանադրական իրավունք՝ դիմելու ազատ արձակվելու համար։ Նա նշեց, որ 10-ից ավելի ցմահ դատապարտյալներ դիմել են ներում ստանալու համար, բայց հասարակության սլաքներն ուղղված են հենց Մհերի դեմ։

«Տպավորություն է, որ սա դարի հանցագործությունն է։ Տպավորություն է, որ միակ տուժողները Հայաստանում եղել են պատվարժան Աղաջանովի ընտանիքի անդամները։ Քաղաքական դիվիդենտներ են շահում այս ողբերգությամբ»,- շեշտեց բանախոսը։

Իսկ թե ինչու չի հավատում Աղաջանովներին, վերջինս մեկնաբանեց․ «Գործով անցնող Մհեր Ենոքյանն ու Արամ Հարությունյանը դատապարտվել են նույն հոդվածներով, նույն արարքի համար՝ որպես համակատարողներ։ Արամ Հարությունը, 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից։ Մեկին տալիս են 15 տարի, մյուսին՝ ցմահ։ Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, այն դեպքում, երբ Հարությունյանը իր ցուցմունքում ասել է՝ այնքան կատաղած եմ եղել, որ չեմ հիշում՝ քանի անգամ եմ դանակով խփել։ Կոկորդի խորը թափանցող վնասվածքը հասցրել է հենց Արամ Հարությունյանը։ Աղաջանովի հայրը որևէ պատիժ չի պահանջում նրա համար, փոխարենը նշում ՝ գնդակահարություն Մհեր Ենոքյանի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ Մհեր Ենոքյանը խոստովանում է իր մեղքը, Մեժլումյանը նկատեց, որ հատկապես այն ժամանակ ոստիկանական բաժանմունքները, որևէ մեկի համար նորություն չէ, որ կարող էին մարդուն ստիպել խոստովանել, որ մարդ են սպանել։

«Անտեր մեղադրյալ և էլիտար տուժող․ սա այն տարբերակն է»,- ասաց վերջինս։

Մանրամասները՝ կարող եք դիտել տեսանյութում։