387 երեխա տուն է ուղարկվել․ պատկան մարմինները հորդորում են՝ հիվանդ երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ

Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Այս մասին հայտարարություն է տարածել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հայտնում ենք նաեւ, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասված է հայտարարության մեջ:

ՀՀ Առողջապահության նախարարությից էլ տեղեկացնում են, հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»: 

Հունվարի 9-ին դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևան՝ 129, մարզեր՝ 258) տուն է ուղարկվել: Ձեռնարկված աշխատանքները շարունակական են: