Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ. Փաշինյան

Կառավարությունը հավատարիմ կմնա իր խոստմանը․ փոխվելու է կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատվելու են նախարարությունների թիվը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով:

Վերջինս, սակայն, շեշտեց՝ այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը:

«Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով և դեռ քննարկումներ կունենան:

«Իհարկե, համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- եզրափակեց Փաշինյանը։