Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է. ԱՆ հորդորները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ, այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում: Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:  Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է. 

— խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

— եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, 

— եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

— մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

 — հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

— պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

— հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով: