Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

Առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձերի համար տրվող բյուջեն նախատեսվում է 2019 թվականին ավելացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Առողջության առաջնային պահպանման անձնակազմին տրվող բյուջեն ավելանալու է: Մենք այս տարի ևս բարձրացրել ենք աշխատավարձերը: Դրանք մեր բյուջեից տրվող միջոցներն են Հայաստանի բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմին»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման նպատակներից մեկն այն է, որ  բժիշկները պացիենտներից չակնկալեն այլ եկամուտներ: Նրա կարծիքով՝ բացի այդ, բուժաշխատողների գոհունակությունն ուղղակիորեն ազդում է բուժօգնության որակի վրա՝ սկսած պացիենտի հետ հարաբերություններից, վերջացրած բուն բուժական գործընթացով:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Լենա Նազարյանը ներկայացրեց,  որ բժշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը 2018-ի 178 000 հազար դրամի փոխարեն սահմանվել է 240 000 դրամ, բուժքույրերի համար սահմանվել է 120 000 դրամ, իսկ կրտսեր աշխատակազմի համար 2018-ի 80 000 դրամի փոխարեն՝ 100 000 դրամ: